Բաքվի գնդիկ-բոքոնիկների համար դժվար չէ կեղծ նամակագրություն գտնել Վարդանյանի համար. Լապշին
Իսրայելա-ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ գլխավոր դատախազի օգնական Թուգայ Ռահիմլին մեղադրյալ Ռուբեն Վարդանյանին հարցեր է ուղղել, մեջբերում եմ «... ահաբեկչական VoMa կազմակերպության հիմնադիր Վլադիմիր (Վովա) Վարտանովի հետ փոխհարաբերությունների, նամակագրության և ձայնային հաղորդագրությունների մասին, որոնք նրանք փոխանակել են WhatsApp-ով, Ղարաբաղում անօրինական զինված խմբավորումների ուսուցման կառույցի կազմակերպման և ֆինանսավորման հետ կապված»։
Դա ինձ հիշեցրեց, թե ինչպես 2017 թվականին, երբ ինձ ապօրինաբար Բելառուսից արտահանձնեցին Ադրբեջան՝ Արցախ այցելելու համար, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալի ստորագրությամբ մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ իմ բջջային հեռախոսում հայտնաբերվել է WhatsApp-ի նամակագրություն Դիանա անունով անհայտ անձի հետ»։
Երբ ես մատնանշեցի, որ իմ հեռախոսում ՉՈՒՆԵՄ WhatsApp հավելվածը (այն սկսել եմ օգտագործել միայն 2018 թվականին՝ Ադրբեջանից վերադառնալուց մեկ տարի անց), քննիչ Քամալ Թալիբովը ժպտալով պատասխանեց.
-Ադրբեջանի քննչական մարմինների իսկական պրոֆեսիոնալիզմն այն է, որ մենք գտնում ենք նույնիսկ այն, ինչ գոյություն չունի։
P.S. Ենթադրում եմ, որ Վարդանյանը կալանավորվելուց առաջ կամ ոչնչացրել է իր հեռախոսը, կամ ջնջել է ողջ նամակագրությունը։ Բայց դա, իհարկե, չի խանգարի ադրբեջանցիներին նոր իբր հայտնաբերված նամակագրություն հորինել։
Ի վերջո, հետաքննությունը վարում է ոչ թե որևէ մեկը, այլ աբշերոնյան գնդիկ-բոքոնիկները»։