Մոսկվան գնահատել է Զելենսկու պատրաստակամությունը բանակցությունների համար
Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ դա դրական քայլ է։
Սակայն, ինչպես ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, կա մի կարևոր դետալ՝ Զելենսկու հրամանագիրը, որն արգելում է Մոսկվայի հետ բանակցությունները։
«Մենք դա գնահատում ենք որպես դրական քայլ, բայց մնում է հարցը, թե կոնկրետ ում հետ է նա պատրաստ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս պահին Ուկրաինայի նախագահի՝ Ռուսաստանի հետ բանակցելու իրավական արգելքը պահպանվում է», - ասել է Պեսկովը։
Բացի այդ, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մինսկում եռակողմ հանդիպման անցկացման հնարավորությունը, որտեղ կարող են հանդիպել Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին, ներկայումս չի քննարկվում, սակայն Մինսկը մնում է Մոսկվայի համար բանակցությունների օպտիմալ հարթակը։