Թուրքիան ռազմական գործողությունների ծրագիր է մշակում քրդերի դեմ
Թուրքիայի ղեկավարությունը ռազմական գործողությունների ծրագիր է մշակում այն դեպքում, եթե Քրդստանի աշխատավորական կուսակցությունը չենթարկվի իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչին և հրաժարվի զենքերը վայր դնել:
Այս մասին գրում է կառավարամետ Hürriyet թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը շաբաթ օրը հայտարարեց հրադադարի մասին Թուրքիայի հետ՝ ի պատասխան իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչին, ով ցմահ բանտարկություն է կրում Մարմարա ծովի Իմրալի կղզու բանտում։
Միաժամանակ կուսակցությունը հայտարարեց, որ պատրաստ է համագումար հրավիրել, որտեղ կքննարկի ինքնալուծարման հարցը, բայց միայն իր ղեկավարի անձնական ներկայությամբ։ Օջալանն ավելի վաղ կոչ էր արել զինյալներին համագումար հրավիրել և դրա արդյունքներից հետո հայտարարել կուսակցության ինքնալուծարման և նրա ստորաբաժանումների զինաթափման մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է վերսկսել գործողությունները քրդերի դեմ, եթե կուսակցությունը խաբեության դիմի կամ գործընթացը կասեցնի։