Զելենսկին անհրաժեշտ չի համարել ներողություն խնդրել Թրամփի հետ հանդիպմանը տեղի ունեցածից
Դոնալդ Թրամփի և Վենսի հետ վիճելուց ժամեր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնվեց Fox News-ի եթերում։
Ինչպես հայտնում է BBC-ն, հարցազրույցը սկսվել է նրանով, որ հաղորդավար Բրետ Բայերը հարցրել է, թե արդյոք կցանկանար ներողություն խնդրել ԱՄՆ նախագահից։
Առանց այո կամ ոչ ասելու՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին։
«Ոչ ոք չի ցանկանում ավարտել պատերազմն ավելի շատ, քան մենք։ Ես պարզապես ասում եմ, որ մենք պետք է լինենք նույն կողմում, որպեսզի կանգնեցնենք Պուտինին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին մեջբերել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մեջբերումն այն մասին, որ խաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէ։
Երբ հաղորդավարը կրկին հարցրեց նրան Թրամփից ներողություն խնդրելու մասին, Զելենսկին բացասաբար պատասխանեց.
«Ես հարգում եմ նախագահին և հարգում եմ ամերիկացի ժողովրդին, մենք պետք է բաց և ազնիվ լինենք, ես վստահ չեմ, որ մենք վատ բան ենք արել, մենք պետք է քննարկենք առանց լրատվամիջոցների»,-նշել է Զելենսկին:
«Մենք ծանր վիճակում ենք: Բայց ես հարգում եմ մեր զինվորներին: Մենք արդար և հարատև խաղաղություն ենք ուզում»,-հավելել է Զելենսկին: