Քաղցրաշենցիներին դարձյալ խոստացել են վճարել մթերումների դիմաց
Այսօր Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհը. գյուղացիները պահանջում էին վճարել խաղողի մթերումների դիմաց: Քաղցրաշենցիները դեռևս դեկտեմբերին էին բողոքի ակցիա անցկացրել նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելու իրենց գումարները. խոստումներ էին տվել խաղողագործներին և ուղարկել տուն, սակայն չէին վճարել:
Նշենք, որ Քաղցրաշենում խաղողի մթերումներն իրականացրել է «Վինար» ընկերությունը: Նա խաղողագործներին պարտք է շուրջ 150 մլն դրամ:
Այսօր բողոքի ակցիայից հետո ընկերության ներկայացուցիչները, Արարատի փոխմարզպետները հանդիպել են խաղողագործողների հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում վճարել մթերված խաղողի դիմաց:
Նշենք, որ Արարատի մարզի Քաղցրաշենի գինու և կոնյակի գործարանը պատկանում է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին՝ Յուվեցի Կարոյին, սակայն որոշ տեղեկությունների համաձայն խաղողը մթերել է գործարանը վարձակալած Ավետիք Սարգսյանը:
Հավելենք նաև, որ քաղցրաշենցի 450 ընտանիք դեռեւս չի ստացել հանձնած խաղողի բերքի գումարը:
Հենց այս համայնքի բնակիչ Անդրանիկ Մովսիսյանն էր, որ իր 8 տոննա խաղողը թափել է համայնքի ճանապարհին, քանի որ Քաղցրաշենի գինու և կոնյակի գործարանը հրաժարվել էր խաղող մթերել:
Հիշեցնենք նաև, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օրեր առաջ վերամշակող ընկերություններին հորդորել էր մինչև ապրիլի 1-ն ավարտել մթերված խաղողի դիմաց վճարումները։ Ինչպես երևում է` մարգարեն իր գավառում պատիվ չունի: