Տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց հատկացված 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային բալային համակարգի
Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկություններ և դիտողություններ չունի: Միաժամանակ հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 135․2-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն նախատեսելիս օրենսդիրը տարբերակված մոտեցում է նախատեսել այդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված իրավախախտումների համար, այն է՝ տրանսպորտային միջոցներում ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը, մասնավորապես՝ 1. Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, և տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր: 2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝ նաև տուգանային միավորի կիրառում` 1 միավոր։
Առաջարկվում է նաև օրենքի դրույթների համար նախատեսել մեկ միասնական ուժի մեջ մտնելու ժամկետ, մասնավորապես՝ ուժի մեջ մտնելու պահին տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հատկացված 9 միավորի փոխարեն հաշվարկել 13 միավոր, իսկ օրենքն ուժի մեջ մտնելու պահին վարելու իրավունքը կասեցված անձանց 13 միավոր հատկացնել կասեցման ժամկետի ավարտին հաջորդող օրը։
Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է ավելացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված՝ վարորդներին մեկ տարի ժամկետով տրվող միավորները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված որոշ իրավախախտումների համար խստացնել տուգանային միավորների կիրառումը: