Թույլ չեմ տա` այս հանձնաժողովը վերածվի դատարանի. Խոսրով Հարությունյան
Լրագրողների դիմումը մերժելու կամ կարճելու հիմքեր չկան: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողի միջադեպին:
Խոսրով Հարությունյանի խոսքով՝ կողմերին անպայման կլսեն, բայց առանձին-առանձին:
«Քանի դեռ ես հանձնաժողովի նախագահ եմ, թույլ չեմ տա`այս հանձնաժողովը վերածվի դատարանի: Մեզ պետք է հասկանալ, փաստեր, հիմնավորումներ ունենալ: Պետք չի որևիցե մեկն իր արդարացիությունը մեզ մոտ ապացուցի»,-շեշտեց նա:
Հիշեցնենք, որ «Լրագրողների միավորում», «Մեդիա և իրավունք» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ները դիմել էին հանձնաժողովին` քննելու համար Մհեր Սեդրակյանի պահվածքը, ով հայհոյել էր լրագրողին:
ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր վարույթ ընդունեց լրագրողների հայցն ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի: