Սերժ Սարգսյանի անունը ադամանդե տառերով գրող ՀՅԴ-ն չի վերակենդանանա
«Դաշնակցությունն արդեն մահացել է, սպանվածը չի կարող վերակենդանալ»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական Վահան Բադասյանը` անդրադառնալով Արծվիկ Մինասյանի այն հայտարությանը, թե Սերժ Սարգսյանի անունը սահմանադրական փոփոխություններից հետո պատմության մեջ պետք է գրել ադամանդե քարերով: Բադասյանի դիտարկմամբ` ինչ սահմանադրական փոփոխությունների մասին է խոսքը, երբ երկրում ամեն երեքից երկուսը չի կարողանում ապրել, արտագաղթում է, Դաշնակցությունն էլ այդ մասին գիտի, գիտենալով էլ գնացել համագործակցության:
«ՀՅԴ-ն պետք է ձեռքը խփեր սեղանին, ասեր, որ պետք է վերջ տալ ապօրինություններին, բայց չարեց, փոխարենը պատասխանատվությունը կիսելու մասին են խոսում, սուտ է, խաբում են, 2017թ-ի խորհրդարանում տեղ ունենալու համար»,- մանրամասնեց նա:
Բադասյանի դիտարկմամբ` հասարակությունը և մամուլը պետք է ամեն ինչ անեն, որ նման կուսակցությունները 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ-ում չհայտնվեն:
Քաղաքական գործիչը նկատեց, որ 2000-ական թվականներից Հրանտ Մարգարյանը, ստանձնելով կուսակցության ղեկավարությունը, տրորեց, ոչնչացրեց կուսակցությունը: Միևնույն ժամանակ Բադասյանը հիշեցրեց, որ մինչև 2000-ական թվականները Դաշնակցության վաստակը անուրանալի էր, հատակապես Արցախյան պատերազմի տարիներին: