ՀՀ տարածքով անցնող ադրբեջանական բեռը պետք է «մի որոշակի վերահսկողության ենթարկվի». ՔՊ-ական պատգամավոր
Չի կարող Հայաստանի Հանրապետության տարածքով անցնել բեռ, որի պարունակության, բովանդակության մասին ՀՀ իրավասու մարմինները չիմանան, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Թե ինչ տեխնիկական միջոցներով է դա ՀՀ իրավասու մարմինն իրականացնելու և որ մարմինն է իրականացնելու՝ այս պահին քննարկվում է։ Այդ տեխնիկական հարցերը քննարկման սեղանին են»,-ասաց պատգամավորը։
Լրագրողի հարցին՝ եթե ադրբեջանական բեռներն ինչ-որ ժամանակահատվածում մուտք գործեն Հայաստան, ստուգում անցնելո՞ւ են ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից, Հովհաննիսյանը պատասխանեց.
«Այս պահին այդ հարցին նպատակահարմար չեմ համարում պատասխանել, որովհետև բանակցություններ են ընթանում»։
Նույն հարցին պատասխանելիս ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն էլ ասաց, թե ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է «մի որոշակի վերահսկողության ենթարկվի»։