«Վերնիսաժ»-ը նոր լուծումներ կստանա
Այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին «Վերնիսաժ»-ի տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը՝ հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնելով բարեկարգման և արդիականացման նախագիծ:
Տարոն Մարգարյանի խոսքով` «Վերնիսաժ»-ը Երևանի այն հատվածներից է, որը բազմաթիվ զբոսաշրջիկների հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մեր քաղաքի մասին:
«Այստեղ պետք են այնպիսի լուծումներ, որոնք տվյալ տարածքը կդարձնեն իսկապես ներկայանալի: Ընդ որում, վարձակալը ևս համամիտ է, որ տարածքում լուրջ լուծումներ տալու խնդիր կա, հետևաբար, համատեղ աշխատեք և կարճ ժամանակում ներկայացրեք համապատասխան նախագիծ, ինչու չէ նաև ստեղծեք աշխատանքային խումբ՝ այդ գործընթացում ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին»,-ասել է նա: