Զավեն Անդրիասյանը միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել ԱՄՆ դեսպանատանը
Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի և ԱՄՆ դեսպանատան շախմատի երկրպագուները հանդիպել են Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հետ՝ շախմատային միաժամանակյա խաղի սեանսի համար: Հայ գրոսմայստերը հաղթել է սեանսի բոլոր մասնակիցներին, սակայն նշել է, որ մասնակիցներից ոմանք արժանի դիմադրություն են ցույց տվել: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Սեանսի վերջում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը շնորհակալություն է հայտնել շախմատիստին՝ միջոցառմանը մասնակցելու համար և իր խոսքում ասել. «Ես կարծում եմ, որ շախմատը Հայաստանի ուժն է, իսկ այն, որ շախմատային գրոսմայստերներն այստեղ հայտնի մարդիկ են, շատ հազվադեպ և յուրահատուկ երևույթ է»: