Մեր նպատակը ոչ թե ֆորմալ քննարկումներ անցկացնելն է, այլ ԸՕ ընդունմանը հասնելը. Շարմազանով
Ընտրական օրենսգրքի քննարկման համար ՀԱԿ-ն առաջարկում է 4+4+4 ձևաչափով կազմ: Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով չորս հոգի պետք է ներկայացնեն ընդդիմադիր խմբակցությունները, չորսը` իշխանությունը, իսկ չորս ներկայացուցիչ էլ պետք է լինեն քաղաքացիական հասարակությունից:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց, որ իշխանության նպատակը ոչ թե ֆորմալ քննարկումներ ու լսումներ անցկացնելն է, այլ քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր գործընկերների հետ միասին նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը հասնելը:
«Ուզում ենք ունենալ օրենսգիրք, որը մեր հանրության մոտ հնարավորինս կբարձրացնի վստահությունն ընտրական գործընթացների վերաբերյալ… մենք պատրաստ ենք հրավիրել բոլոր ուժերին ու լսել բոլոր առաջարկները»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ հաջորդ քառօրյայում արդեն կքննարկվի Ընտրական օրենսգիրքը, իսկ մինչ այդ քննարկումներ ու լսումներ են կազմակերպվում: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկումներ կանցկացնի մարտի 18-ին, իսկ հետագայում նաև նախատեսվում են մեծ լսումներ ԱԺ դահլիճում: