Ռուսաստանում միգրանտները կարող են տուգանվել իրենց երեխաների ռուսերենի չիմացության համար
Ռուսաստանում միգրանտները կտուգանվեն, եթե նրանց երեխաները չհանձնեն ռուսաց լեզվի քննությունը և չընդունվեն դպրոց։
Համապատասխան օրինագիծը պատրաստել է ՌԴ կրթության նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Եթե քննությունը ձախողած անչափահաս օտարերկրացիները մեկ ամսվա ընթացքում չսկսեն ռուսաց լեզվի ուսուցման լրացուցիչ ծրագրեր, խնամակալության մարմինները նրանց մասին տեղեկատվությունը կուղարկեն Ռուսաստանի Ներքին գործերի նախարարություն և Անչափահասների գործերի և նրանց իրավունքների պաշտպանության հանձնաժողով:
Դրանից հետո նրանց ծնողները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ երեխային կրթելու իրենց պարտականությունները չկատարելու համար։
Այնուամենայնիվ, եթե հիմքեր կան ենթադրելու, որ երեխայի ռուսաց լեզվի իմացությունը բավարար չէ կրթությունն ավարտելու համար, նա կարող է ուղարկվել կրկնակի քննության: