ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը 2022 թվականին. Մարիա Զախարովա
ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի դադարեցրեց իր գործունեությունը 2022թ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով` խմբի աշխատանքի դադարեցման պատասխանատվությունը կրում են ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները։ Նա ընդգծել է, որ, չնայած գործող մանդատին, իրենք հրաժարվել են ռուսաստանցի համանախագահի հետ առանց խորհրդակցությունների և հաղորդակցության, քննարկումներ չեն անցկացրել ԵԱՀԿ-ի շրջանակներում և չեղարկել են նախապես ծրագրված միջոցառումները։
Զախարովան հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպայի խորհրդի նախագահի կողմից ստորագրվել է համատեղ հայտարարություն, որը Մինսկի խմբին փաստացի զրկել է առարկայական գործունեությունից:
Այդ կապակցությամբ նա առաջարկել է վերացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը, քանի որ այդ քայլը, նրա կարծիքով, կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։