Ադրբեջանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Արցախի օկուպացումը համարում է «նոր հնարավորությունների ստեղծում» տնտեսական համագործակցության համար ավելի լայն աշխարհագրությունում։
Այդ մասին Անկարայում Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև եռակողմ մեխանիզմի երկրորդ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ինքը` Բայրամովը:
Նա նշել է, որ հենց այս տարածաշրջանով է անցկացվում Մերձավոր Արևելք-Արևմուտք միջանցքի նոր զարկերակը, և դրա մեծ հեռանկարներն ակնհայտ են։
Թշնամի երկրի նախարարը կարևորել է նաև Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտը` նշելով, որ «մտահոգիչ են» «Հայաստանի Սահմանադրության և Ադրբեջանի վերաբերյալ այլ իրավական ակտերում մնացած տարածքային պահանջներն» ու «ռևանշիստական միտումները» (չակերտները` NEWSPRESS.am-ի)։ Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է իր «կառուցողական» ջանքերն այդ ուղղությամբ։
Ջ.Բայրամովը հավելել է, որ երեք երկրների միջև տրանսպորտի ոլորտում ընդունված ճանապարհային քարտեզի հիման վրա կիրականացվեն մի շարք նախագծեր։