Հերոսներն անմահ են, նրանց սխրանքներն՝ անուրանալի․ Հայոց բանակի տոնը՝ Րաֆֆու անվան դպրոցում (լուսանկարներ, տեսանյութ)
Բանակի ու զինվորի տոնը յուրովի նշեցին Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում։
Դպրոցի փոխտնօրեն, պատմության ուսուցչուհի Էլմիրա Նահապետյանի նախաձեռնությամբ, 8 Բ դասարանի (դասղեկ՝ Լուսինե Կարապետյան) աշակերտները ներկայացրին գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի 33-րդ տարեդարձին ու հայ զինվորին։
«Գնա, որ առավոտները խաղաղ բացվեն» խորագիրը կրող միջոցառման մասնակից բոլոր տղաներն ու աղջիկները կրում էին զինվորական համազգեստ՝ յուրաքանչյուրն արժևորելով ու հասկանալով այդ համազգեստը կրելու պատասխանատվությունը։
Միջոցառման հենց սկիզբը խոստումնալից էր․ աշակերտներից մեկը, որպես դասականի հրամանատար, իրենց ազգանուններով բեմ հրավիրեց «շարքային զինվորներին»։ Այնուհետ նա այդ մասին զեկուցեց ՆԶՊ ուսուցիչ, փոխգնդապետ Լ․Պարտիզպանյանին և միջոցառումն սկսելու թույլտվություն ստացավ։
Տրվեց հավսար-զգաստ հրամանն, ու սկսվեց միջոցառումը։
Աշակերտներն իրենց ասմունքով ու երգով գովերգեցին Հայոց բանակն ու ևս մեկ անգամ փաստեցին, որ հերոսներն անմահ են, նրանց սխրանքներն՝ անուրանալի, հայրենիքի նկատմամբ սերն անսահման է ու հայի կամքն անկոտրում։
Միջոցառման ընթացքում բեմադրվեց նաև փոքրիկ ներկայացում, որտեղ մայրը, բարի խոսքով ու օրհնությամբ որդուն ճանապարհում էր բանակ։ Այս տեսարանում միահյուսված էր մարտնչող մայրական սերն ու հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումը, որտեղ հաղթողը ոգին ու հայ ազգի գոյատևումն է։
Հայ մոր հոգում կռիվ են տալիս բաժանումի ցավը, որդու նկատմամբ սերն ու հայրենիքի կանչը, բայց մայրն ուժ է գտնում իր մեջ՝ ճանապարհելով որդուն պաշտպանելու հայրենիքը։
Այս ամենի կուլմինացիան խաղաղության աղավնին էր, որը հանգիստ սպասում էր իր ճախրանքին։
Բանակի օրվան նվիրված միջոցառմանը ներկա էին դպրոցի ղեկավար կազմը, պարապող ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ և հյուրեր։
Տնօրեն Նունե Ղազարյանը, շնորհավորելով բոլորին Հայոց բանակի կազմավորման առիթով, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու աշակերտներին՝ գեղեցիկ միջոցառման համար։
Արմինե Մկրտումյան