Մեր քայլերն ուղղված են լինելու երկրի քաղաքական, տնտեսական կյանքում կնոջ ներգրավվածության մեծացմանը
Վարչապետն ընդունել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին Մեր քայլերն ուղղված են լինելու կանանց դերակատարության հետևողական բարձրացմանը:
Այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գործադիր մարմնի ղեկավարն այսօր ընդունել է Հայաստանի համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին:
«Մեր քայլերն ուղղված են լինելու երկրի քաղաքական, տնտեսական կյանքում ձեր ներգրավվածության մեծացմանը, որպեսզի տարբեր ոլորտներում դուք լինեք ավելի ակտիվ: Մեր աջակցությունը ձեզ այդ հարցում լինելու է տեսանելի»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Աղբյուրի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, մարզերում առկա խնդիրներին և այդ ուղղությամբ նախատեսվող ու իրականացվող աշխատանքներին, ՏԻՄ-երում կանանց դերի մեծացմանը և այլն: Բարձրացված հարցերի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է տարածքային համաչափ զարգացումը և նշել, որ այդ նպատակով գործադիրն իրականացնում է հետևողական քայլեր, բազմաթիվ ծրագրերի միջոցով աստիճանաբար փորձելով լուծել մարզերում առկա տարբեր խնդիրներ: