Կրասնոդարում դանակահարության համար դատապարտված դեռահասը ծնողների հետ արտաքսվել է Հայաստան
Կրասնոդարի միջնակարգ դպրոցում իր հասակակիցների վրա դանակով հարձակված դեռահասը ծնողների հետ արտաքսվել է Հայաստան, «Կոմերսանտ»-ին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ Կրասնոդարի Պրիկուբանսկի դատարանը դպրոցականին մեղավոր էր ճանաչել զենքի գործադրմամբ խուլիգանության մեջ և դատապարտել 30 հազար ռուբլու տուգանքի։
Կրասնոդարի թիվ 94 հանրակրթական դպրոցում միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին։ Դպրոցի միջանցքում աշակերտների միջև կոնֆլիկտի ժամանակ դեռահասներից մեկը հանել է դանակը և դանակահարել հասակակցի ոտքին։ Ծեծկռտուքի հետևանքով տուժել են նաև այլ աշակերտներ։ Ծեծկռտուք հրահրողը բերման է ենթարկվել և տեղավորվել անչափահասների ժամանակավոր պահման վայրում։
Նրա ընտանիքի հետաքննության ընթացքում պարզվել է, որ դեռահասի ծնողները՝ ՀՀ քաղաքացիներ են, ովքեր ապօրինի գտնվել են Ռուսաստանում, և դատարանը որոշել է նրանց արտաքսել։ Կարգադրիչները ընտանիքին ուղեկցել են Միներալնիե Վոդի քաղաքի սահմանային հսկողության կետ, որից հետո դեռահասին և նրա ծնողներին օդային ճանապարհով ուղարկել են Հայաստան։
Թիվ 94 դպրոցում տեղի ունեցած միջադեպից հետո հարուցվել է քրեական գործ՝ ուսումնական հաստատության աշխատակիցների անփութության դեպքի առթիվ։