Արևմուտքի կործանարար ազդեցությունը Հայաստանի վրա խոչընդոտում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը. Զախարովա
Հայաստանի արձագանքը տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին ռուս լրագրողների հայտարարություններին տարակուսելի է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանից մենք միշտ լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, ուստի Երևանում արձագանքը տարակուսելի է: Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշումը հայտնի է Երևանին: Ռուսաստանը հետևողականորեն խոսում է եռակողմ համաձայնագրերի հիման վրա բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին։ Այս դիրքորոշումը շատ հստակ արտահայտված է»,- ասել է Զախարովան:
Զախարովան նշել է, որ Արևմուտքի կործանարար ազդեցության պատճառով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում հայկական կողմի աշխատանքը դանդաղել է։
«Մենք վստահ ենք, որ խմբի շրջանակներում լիարժեք համագործակցության հնարավորինս շուտ վերսկսումը ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտի և կապի համակարգի վերականգնմանը, այլև կապահովի ողջ տարածաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացումը»,- ասել է նա:
ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին այս խնդրի լուծման հարցում։