Արտավազդ Փելեշյանին ու Նարեկ Հախնազարյանին քաղաքապետարանը բնակարաններ կտա
Երևանի քաղաքապետարանը մարտի 18-ին ավագանու նիստում կքննարկի անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին և թավջութակահար Նարեկ Հախնազարյանին բնակարաններ նվիրելու հարցը:
Նշենք, որ Արտավազդ Փելեշյանը փետրվարի 17-ին դիմել է Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքի իր կինոդպրոցում վարպետաց դասընթացներ անցկացնելու խնդրի հետ պայմանավորված, Երևանի կենտրոնական մասում իրեն անհատույց սեփականության իրավունքով բնակարան նվիրելու խնդրանքով: Ըստ այդմ էլ` նախատեսվում է «Ականաթ» ՍՊԸ-ի հետ 19.11.2015թ. կնքված պայմանագրի համաձայն՝ Երևան համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոյի փողոցի թիվ 1 հասցեում սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասում կառուցվող բազմաբնակարան շենքի 5-րդ հարկի 127 քմ մակերեսով բնակարանը նվիրել Արտավազդ Փելեշյանին:
Արամի փողոցի հ.82 և հ.84 շենքի հ.75՝ 115.9 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվելու է թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանին։
Հախնազարյանն իր ծնողների և կնոջ հետ բնակվում է Կոմիտասի պողոտայի հ.17 շենքի հ.7 հասցեում գտնվող 43.7քմ մակերեսով բնակարանում, ինչը, ցավոք, հնարավորություն չի տալիս ապահովել լիարժեք ստեղծագործելու համար տարրական պայմաններ: Հաշվի առնելով նրա մասնագիտական որակները, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, առաջարկվում է քննարկվող բնակարանը նվիրել նրան, որը թույլ կտա աշխարհահռչակ հայ երաժշտին լիարժեք ստեղծագործական գործունեություն ծավալել: