Բողոքի ցույցեր Բաթումիում և Թբիլիսիում. կան ձերբակալվածներ
Գիշերը Բաթումիում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ութ մարդ է բերման ենթարկվել:
Այս մասին լրագրողներին հայտնել է Բաթումի քաղաքի ոստիկանության վարչության պետ Իրակլի Ջեբուաձեն։
«Բոլոր բերման ենթարկվածները մեղադրվում են վարչական իրավախախտումների համար՝ ոստիկաններին վիրավորելու և դիմադրելու համար», - ասել է Ջեբուաձեն:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աջարիայի կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ցուցարարներին են միացել ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» առաջնորդներ Էլենե Խոշտարիան և Թբիլիսիից ժամանած Գիորգի Կիրթաձեն։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Խոշտարիային և Կիրթաձեին ձերբակալել է ոստիկանությունը։
Նախօրեին Բաթումում բերման են ենթարկվել նաև կառավարության քաղաքականության դեմ բողոքի ցույցի տասը մասնակից, որոնցից չորսը գրավի դիմաց ազատ են արձակվել՝ առաջիկա օրերին դատարան ներկայանալու համար։