Շատ հնարավոր է, որ Ադրբեջանն ունի մեծ թվով զոհեր, որոնց մասին լռում է
Հայկական կողմի զոհերի մասին լուրը ապատեղեկատվություն է, որը Ադրբեջանի կողմց միշտ էլ կա: Այս մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադբեջանական կողմի այն հայտարարությանը, ըստ որի՝ «հայկական կողմը կորցրել է զինտեխնիկա և 10-15 զինծառայող»:
Նա չի բացառում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր առաջնագիծ է գնացել հենց դիրքերն ուսումնասիրելու և տեղում իրավիճակը պարզելու նպատակով:
«Շփման գծում իրոք իրավիճակը բավականին լարված է: Մեծ խորության վրա հրետանի է կիրառվել: Շատ հնարավոր է, որ կան զոհեր, որոնց մասին ադրբեջանական կողմը դեռ չի հրապարակում»,-ասաց ՊՆ մամուլի խոսնակը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք շփման գծում նման լարվածությունը պայմանավորված չէր Ալիև-Պուտին հեռախոսազրույցով՝ Արծրուն Հովհաննիսյանը ասաց. «Ցանկացած բարձր օղակի հանդիպումից կամ զրույցից առաջ և հետո սահմանում լարվածություն լինում է: Եվ այս անգամ էլ լարվածություն եղավ»։