Շոլցն ու Թրամփը դժգոհել են, որ Ուկրաինայում պատերազմը ձգձգվել է այսքան երկար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը խոստովանել են, որ Ուկրաինայում հակամարտությունը չափազանց երկար է տևել, և ժամանակն է գտնել խաղաղության ճանապարհ։
Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։
«Քննարկման հիմնական առանցքը Եվրոպայում անվտանգության քաղաքականության հիմնախնդիրներն էին»,- նշել է Հեբեստրեյտը։
Շոլցն ու Թրամփը, նրա խոսքերով, համաձայնել են, որ Ուկրաինայում հակամարտությունը շատ երկար է շարունակվում, և որ կարևոր է որքան հնարավոր է շուտ արդար և կայուն խաղաղության ճանապարհը բռնել:
Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը, Շոլցը հաստատել է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու իր հանձնառությունը: