Էրդողանը նշել է Թուրքիայի ռազմավարական նպատակը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը մնում է իր երկրի ռազմավարական նպատակը։
Այս դիրքորոշումը նա հայտնել է Անկարայում գտնվող Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվրամիության անդամակցությունը Թուրքիայի համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։ Հասկանալի է, որ մեր անդամակցությունը ԵՄ-ին կարևոր ներդրում կլինի ինչպես միության, այնպես էլ մեր երկրի համար։ Վերջին իրադարձություններն էլ ավելի են ամրապնդել Թուրքիայի՝ որպես առանցքային պետության դիրքերը։ Մեր ընթացիկ բանակցությունների հիմնական օրակարգն այն ընդհանուր քայլերն էին, որոնք կարող էին ձեռնարկվել Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները աշխուժացնելու համար։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կներկայացնի նոր տեսլական, որը կամրապնդի Թուրքիայի անդամակցության հեռանկարները»,- ասել է Էրդողանը: