Ստամբուլահայ համայնքը պատրիարքի նոր ընտրություններ է ցանկանում
Ստամբուլահայ համայնքը պատրիարքի նոր ընտրություններ է ցանկանում։ Տեղեկացնում է demokrathaber.net կայքը։
Ստամբուլահայերի ներկայացուցիչները հայոց պատրիարքի նոր ընտրություններ են ցանկանում։ Այս մասին demokrathaber.net կայքը զրուցել է հայ ազգի տարբեր ներկայացուցիչների հետ։
2008 թվականից պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության պատճառով չի կարողանում մասնակցել պատրիարքարանի աշխատանքներին։ Նրա պարտականությունները կատարում է փոխանորդը։ 2016 թվականի մարտի 9-ին Ստամբուլի 4-րդ վարչական դատարանը որոշում է կայացրել Մեսրոպ Մութաֆյանի իրավունքների պաշտպան ճանաչել նրա մորը՝ Մարի Մութաֆյանին։
2010 թվականին Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը նոր ընտրություններ անցկացնելու պահանջին պատասխանել էր, որ քանի կենդանի է պատրիարքը, նոր ընտրություններ չեն անցկացվի։ Սակայն այժմ հայ համայնքի ներկայացուցիչները պահանջում և բարձրաձայնում են պատրիարքի նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ հարցն այն է, որ ըստ օրենքի, հայ պատրիարքները ընտրվում են հոգևոր խորհրդի կողմից մինչև մահ եկեղեցուն ծառայելու պարտականությամբ։ Այժմ թուրքական իշխանություններն, օգտվելով այդ օրենքի շնորհած հնարավորությունից, չեն ցանկանում, որ պատրիարքի նոր ընտրություններ անցկացվեն։