Առաջին լայնամասշտաբ մարտն է տեղի ունեցել Ուկրաինայի զինված ուժերի և հյուսիսկորեացիների միջև
Նախօրեին պատմության մեջ առաջին անգամ հյուսիսկորեական բանակի ստորաբաժանումները զանգվածային հարձակում են իրականացրել ուկրաինական բանակի դիրքերի վրա՝ Ռուսաստանի տարածքում գտնվող Սուջա քաղաքի մոտակայքում։
Այս մասին Facebook սոցիալական ցանցում հայտնել է Censor.NET-ի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը։
Լրագրողի խոսքով՝ մարտը ծանր է եղել, եւ հյուսիսկորեացիներին հաջողվել է գրավել ուկրաինական ամրությունների մի մասը։ Նրա աղբյուրների համաձայն՝ հակառակորդի ավելի քան 200 զինվոր առանձին ջոկատներով գրոհի են անցել մի քանի ուղղություններով։
Բուտուսովը նշել է, որ հյուսիսկորեացիները մի շարք խրամատներ են գրավել, սակայն ընդհանուր առմամբ ուկրաինական պաշտպանությունը պահպանվել է, և Ուկրաինայի զինված ուժերը մի քանի հաջող հակահարվածներ են իրականացրել՝ իրավիճակը վերականգնելու համար։
Լրագրողի խոսքով հյուսիսկորեացիների շրջանում զոհերի, վիրավորների կամ գերիների մասին դեռևս հստակ լուրեր չկան։