Սիրիայի նոր առաջնորդը հանդիպել է ՄԱԿ-ի հատուկ բանագնացին
Սիրիայում իշխանության եկած զինված ընդդիմության առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան նախօրեին հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի հետ։
Ահմեդ ալ-Շարաան նշել է երկրի միասնության և վերակառուցման հարցերին կենտրոնանալու, ինչպես նաև փախստականների վերադարձի համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին։
Այս մասին գրում է Al Jazeera հեռուստաալիքը։
Կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի վերանայման անհրաժեշտությունը: Ահմեդ ալ-Շարաան նշել է, որ Սիրիայում փոփոխվող քաղաքական իրավիճակը պահանջում է փաստաթուղթը թարմացնել նոր իրողություններին համապատասխան: