Բայց պետք է աշխատեմ, չէ՞, որ չխուսափեմ. ՊԵԿ նորանշանակ նախագահը խուսափեց լրագրողներից
Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանը վստահեցնում է, որ միլիոնավոր դոլարները Ռուսասատանի Դաշնությունում ապրող եղբորից է:
Այդ մասին նա ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Եղբայրս է նվիրել, նա բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, հայտարարագրում էլ է դա նշված` Հովսեփյան Հակոբ, Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա: Վերջ»,- ասաց նորանշանակ պաշտոնյան:
Լրագրողների դիտարկմանը, թե ինչու է խուսափում լրագրողների հարցերից, Հովհաննես Հովսեփյանը արձագանքեց. «բայց պետք է աշխատեմ, չէ՞, որ չխուսափեմ»:
Նկատենք, որ ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի՝ Հովհաննես Հովսեփյանը 1 տարվա ընթացքում վաստակել է 18 մլն 768 հազար դրամ, որոնք հիմնականում գոյացել են աշխատանքի վարձատրությունից` 9 մլն դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարից կրկին նույնքան գումար: Մյուս գումարներն էլ գոյացել են նվիրատվությունից եւ գույքը օտարելուց ստացված եկամուտից: Հովսեփյանը պաշտոնապես տեղեկացրել է, որ 90 եւ 100 հազար դոլարանոց նվեր է ստացել: