«Աերոֆլոտ Օփեն 2016» մրցաշարն ավարտվեց
Երեկ ավարտվեց աշխարհում անցկացվող ուժեղագույն բաց մրցաշարերից մեկը` «Աերոֆլոտ Օփենը»:
Մրցաշարի հիմնական՝ «A» խմբի հաղթող դարձավ Եվգենի Նայերը, ով 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Նույնքան միավոր վաստակած Բորիս Գելֆանդը լրացուցիչ ցուցանիշների պատճառով հայտնվեց երկրորդ հորիզոնականում: «A» խմբում ընգրկված մեր երեք շախմատիստներն էլ` գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը, վաստակեցին 5-ական միավոր: Նշենք, որ Մարտիրոսյանը 19 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
«B» խմբում մրցաշարի հաղթող դարձավ Իլյա Իլյուշոնոկը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Մեր շախմատիստներից այստեղ հաջող ելույթ ունեցավ Տիգրան Հարությունյանը, ով վաստակած 6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և 26 կետով բարձրացրեց իր վարկանիշը:
«C» մրցաշարում հաղթող դարձավ Գլեբ Ապրիշկոն, ով 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Այստեղ մեր շախմատիստներից հաջող ելույթ ունեցավ Արթուր Դավթյանը, ով վաստակեց 5,5 միավոր և 101 կետով բարձրացրեց իր վարկանիշը: