Սպանված կուրսանտի գործով դատական նիստը հետաձգվեց
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր չկայացավ 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան գործով դատական հերթական նիստը: Newspress.am-ի հետ զրույցում սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը նշեց, որ նիստը հետաձգվել է, քանի որ գործում ներգրավված փորձագետները հիվանդ են և չէին կարող ներկայանալ դատարան:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին:
Արկադի Բարսեղյանը նշեց, որ չնայած նրան, որ մեղադրյալները մեղքը չեն ընդունում, գործում առկա փաստերը ապացուցում են, որ դաժան հանցագործությունը հենց մեղադրյալներն են կատարել՝ Գնել Թևոսյանի գլխավորությամբ: Նա հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին դատաբժիշկը հաստատեց, որ Հայկազը չէր կարող ինքնասպան լինել: