Վրաստանը չի բացառել 2016 թվականին Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումը
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ արդեն 2016 թվականին կվերացվի երկրների միջև վիզային ռեժիմը, հաղորդում է РИА Новости-ն։
Մարտի 16-ին Պրահայում ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ նախատեսված հանդիպումից առաջ Աբաշիձեն հայտարարել է, որ ռուս գործընկերոջ հետ կքննարկի արդեն երկու ամիս գործող պարզեցված վիզային ռեժիմի մանրամասները:
«Մենք կքննարկենք, թե ինչպես է գործում վիզային ռեժիմը, կա՞ն արդյոք մեր կողմից խնդիրներ և հարկավո՞ր է մեզ ինչ-որ բան անել այդ ուղղությամբ: Վիզային ռեժիմն իսկապես զգալիորեն պարզեցվել է, և մենք չենք բացառում, որ այս տարի այն ընդհանրապես կվերացվի»,- հայտարարել է Աբաշիձեն:
Նրա խոսքով՝ օրակարգում կլինեն նաև առևտրա-տնտեսական, տրանսպորտային և մարդասիրական հարցեր: