Իլհամ Ալիևը Հայաստանն անվանել է իրենց «նախնիների հողը»
Հայաստանը ամեն կերպ փորձում է հերքել այն փաստը, որ ադրբեջանցի ժողովուրդը դարեր շարունակ ապրել և մշակութային հարուստ ժառանգություն է ստեղծել իր նախնիների հողի վրա։ Հայաստանը ոչնչացրել է մեր ժողովրդի ստեղծած մշակութային ժառանգությունը Արևմտյան Ադրբեջանում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսպես կոչված «Վերադարձի իրավունք. արդարության ապահովում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» II միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Ալիևը նշել է, որ այս պատմամշակութային հուշարձաններից պահպանվել է միայն Կապույտ մզկիթը, որը ադրբեջանական ճարտարապետության և իսլամական մշակույթի ամենավառ օրինակներից է։
«Սակայն Հայաստանը, միտումնավոր փոխելով Կապույտ մզկիթի նախնական պատմաճարտարապետական ոճը, փորձում է այն ներկայացնել այլ անունով։ Տարածաշրջանի պատմությունն ու մշակութային համայնապատկերը խեղաթյուրելուն և վերաշարադրելուն ուղղված նման ապակառուցողական քայլերը ոչ այլ ինչ են, քան անհանդուրժողականություն և ռասիզմ»,- ընդգծել է Ալիևը: