Վրաստանում գիշերը թեժ է եղել․ Թբիլիսիում բախումները շարունակվել են
ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է վրացի ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից չափից ավելի ուժի կիրառումը։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք դատապարտում ենք վրացի ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից ավելորդ ուժի կիրառումը։ Նրանք ձգտում են օգտվել խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքից, ներառյալ խաղաղ բողոքի ակցիաների հնարավորությունը: Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է լրագրողների ձերբակալությունների և հարձակումների մասին հաղորդումներով։ Մենք հավատում ենք, որ ազատ մամուլը ժողովրդավարական համակարգի հիմնաքարն է։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել բողոքի ցույցերի խաղաղ բնույթը և կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը խստորեն հարգել օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները»,-նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի խոսքում։
Հավելենք, որ դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան Թբիլիսիում շարունակվում են անհնազանդության բողոքի ցույցերը։ Ռուսթավելի պողոտայից հետ մղված հազարավոր ցուցարարներ հավաքվել են Արդարադատության տան մոտ։
Առավոտյան ժամը չորսին ՆԳՆ ուժերը վերահսկում են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան։ Հանրապետության հրապարակի տարածքում կատարվում են բերման ենթարկումներ։ Ցուցարարների մեծ մասն ուղղվել է դեպի Ռուսթավելի մետրոյի կայարան։ Վրաստանում ցուցարարները զանազան միջոցներով հարձակվում են ոստիկանության վրա, անվտանգության ուժերը պատասխանում են արցունքաբեր գազով։