Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունն այլևս անշրջելի իրողություն են. Աշոտ Ղուլյան
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը չորեքշաբթի շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դեյվիդ Ռալստընին, Արցախի Հանրապետությունը ճանաչող թիվ 1580 բանաձևի նախագծի հեղինակներ Փատ Գարդնըրին և Դեմիտրիուս Դուգլասին, ինչպես նաև՝ Հարություն Աղասարգսյանին և նրա ընտանիքին՝ բանաձևի ընդունման գործում ունեցած վճռական ջանքերի համար:
«Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունն այլևս անշրջելի իրողություն են և հիմնված են ժողովրդավարական արժեքների վրա: Ժողովրդավարությունը նաև Արցախի ժողովրդի անվտանգության հիմնաքարն է: Մեզ համար անչափ կարևոր է, որ Ջորջիա նահանգի խորհրդարանի մեր գործընկերները բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ժողովրդավարական պետություն կերտելու նպատակադրությունը և այդ ճանապարհին ունեցած հաջողությունները»,-ընդգծված է Ազգային ժողովի նախագահի շնորհակալական նամակներում: