Հստակ հանձնարարականներ եմ տվել շինարարներին․ ՏԿԵ նախարար
Այսօր այցելել եմ Նոր Հաճնի կամուրջ՝ հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Շինարարը մանրամասն ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են ընթացքի մեջ: Մասնավորապես ջրամեկուսացման և ներքին շերտի տեղադրման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Շուտով կսկսվի ասֆալտբետոնի վերին շերտի տեղադրումը:
Հստակ հանձնարարականներ եմ տվել շինարարներին՝ կազմել աշխատանքների կատարման արագացված գրաֆիկ, շարժվել ըստ գրաֆիկի և աշխատանքային յուրաքանչյուր օրվա ավարտին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին ներկայացնել տվյալ օրվա ընթացքում կատարված աշխատանքը»,-նշել է նա։
Ավելի վաղ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել էին, որ Հրազդան գետի վրայի կամրջի (Նոր Հաճնի կամուրջ) հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող կապալառուի հետ կնքված պայմանագրի համաձայն, կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է 2025 թվականի հուլիսին։