Պուտինի հայտարարություններին Արևմուտքը պետք է շատ լուրջ վերաբերվի. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Արևմուտքը պետք է շատ լուրջ վերաբերվի Վլադիմիր Պուտինի հայտարարություններին Օրեշնիկ հրթիռների փորձարկման, ինչպես նաև Ռուսաստանի միջուկային դոկտրինի թարմացման վերաբերյալ։
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Օրբանը նշել է, որ Արևմուտքում և Ռուսաստանում կա խոսքի այլ կշիռ և իմաստ: Արևմուտքում քաղաքականությունը, հատկապես վերջին տարիներին, բաղկացած է 80% խոսակցությունից և 20% գործողությունից, ինչի հետևանքով ելույթները անարդյունք են:
«Ռուսաստանում, եթե նախագահը ինչ-որ բան ասում է, դա ունի կշիռ և հետևանք: Երեկ երեկոյան ՌԴ նախագահը հեռուստատեսությամբ դիմելով քաղաքացիներին պարզ ասաց, որ իրենք իրենց իրավասու են համարում ռազմական թիրախ հայտարարել այն երկրներին, որոնք նման զենք են տվել Ուկրաինային: Սա կեղծ խոսակցություն չէր: Երբ Ռուսաստանի նման երկիրը ինչ-որ բան է ասում այս թեմայով, դա հենց այդպես էլ պետք է ընկալվի»,- ասել է Օրբանը: