Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Բաքվի «անընդունելի արտահայտությունների» պատճառով
Ֆրանսիան նոյեմբերի 19-ին կանչել է երկրում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային՝ COP29-ի համատեքստում «Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին Ադրբեջանի իշխանությունների կողմից արված անընդունելի արտահայտությունների» պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունը։
«Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեն», - նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը չի հստակեցրել, թե խոսքը Բաքվի որ արտահայտությունների մասին է, սակայն Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Անյես Պանիե-Ռունաշերը չեղարկել էր իր այցը COP29 այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել էր Կարիբյան ծովի իր անդրծովյան տարածքներում «հանցագործությունների» մեջ: