ԵԽ Խորհրդատվական կոմիտեն Բաքվին կոչ է անում պայմաններ ստեղծել արցախահայերի անվտանգ վերադարձի համար
Եվրախորհրդի կոմիտեն Ադրբեջանին կոչ է անում քաղաքական ու իրավական պայմաններ ստեղծել Արցախի հայերի անվտանգ վերադարձի համար: Եվրոպայի խորհրդի փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների՝ իրավունքներից օգտվելու հնարավորությունները պետք է բարելավվեն։
Խորհրդատվական կոմիտեն Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում է ստեղծել «քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Արցախից տեղահանված հայերի ապահով, անարգել և կայուն վերադարձի համար»։
Կոմիտեն ընդգծում է սեփականության հետ կապված հարցերին լուծում տալու համար մեխանիզմի ստեղծման կարևորությունը։
Խորհրդատվական կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ անհանդուրժողականության և էթնիկ տարանջատման ցանկացած դրսևորումից և խստորեն դատապարտել հայ համայնքին պատկանող անձանց նկատմամբ ատելությունը: