Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք․ պաշտոնանկությունները գիշերով վայրկյանների որոշմամբ՝ Փաշինյանի վերաբերմունքն է պետական ինստիտուտների վերաբերյալ․ Աղվան Վարդանյան
«Բնականաբար, սափրվելը հետևանքներ էր ունենալու։ Պատկերացնում եք՝ թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք, սրանք էլ ռադ են եղել»։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցոթյան պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով աղմկահարույց պաշտոնանկությունների շքերթին։
Նա նախորդ քառօրյայում հայտարարություն էր նախապատրաստել «իրար ուտելու» մասին, բայց որոշել էր չասել և չխանգարել։
Ըստ պատգամավորի՝ ՔՊ-ական ռեպրեսիվ ապարատի ամբողջ «կեղտոտ» քարոզչությունն ուղղված է ընդդիմության դեմ։
«Արդյունքներից դժգոհ է, փորձում է սկսել 0 կետից՝ նույն կանխատեսելի հետևանքով, ողբերգությունը վերածվում է ֆարսի, դեպքերի զարգացման մի քանի սցենար կա, կապրենք, կաշխատենք, կտեսնենք»,- հայտնեց Վարդանյանը։
Նա նշեց, որ պաշտոնանկությունները գիշերով վայրկյանների որոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն է պետական ինստիտուտների վերաբերյալ։
«Երբ որ նա պաշտոնապես գրում է, թե «խնդրել եմ թողնել պաշտոնները»,- դուք բոլորդ գիտեք, թե ինչ է նշանակում «խնդրելը»»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ շեշտելով, որ Փաշինյանի բնույթը հակադրության մեջ է պետականության գիտակցության հետ։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Փաշինյանը մնացել է մանկության տարիքին։
Վարդանյանի խոսքով՝ պաշտոնանկություններով շատ բան չեն կորցրել, քանի որ նրանց մեջ չկար մեկը, որը հակադրվեր Փաշինյանին։
«Այս մարդու ղեկավարությամբ Հայաստանը ապագա չունի և նա չարիք է պետության համար»,- ասաց Վարդանյանը։
«Civic.am»-ի լրագրողը Վարդանյանին խնդրեց նշել Ռոբերտ Քոչարյանի սխալներից մեկը, ինչպես խոսում է Փաշինյանի սխալներից։
«Ռոբերտ Քոչարյանին համեմատել Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշանակում է աշխատել «civic.am» լրատվականում»,- պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը։