Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ գրոհել է անօդաչուներով, որոնց մի մասը հասել է մինչև Մոսկվա
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ երկուշաբթի գիշերը Մոսկվայի մերձակայքում երկու անօդաչու թռչող սարք են խոցել։
Սոբյանինի հաղորդագրության համաձայն՝ առաջին անօդաչու թռչող սարքը թռչում էր դեպի Մոսկվա և խոցվել է Ռամենսկոե քաղաքի մոտ։ Մոսկվայի քաղաքապետը պնդում է, որ, ըստ նախնական տվյալների, տեղում ավերածություններ կամ զոհեր չկան։
Երկրորդ անօդաչու թռչող սարքը խոցվել է Պավլովսկի Պոսադ քաղաքի մոտ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ երկուշաբթի գիշերը ուկրաինական 59 անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի հինգ շրջաններում։ Նախարարության ամփոփագրում նշվում է, որ 45 անօդաչու թռչող սարք է խոցվել Բրյանսկի շրջանի, վեցը Կուրսկի շրջանի, երեք-ական Բելգորոդի և Տուլայի շրջանների և երկուսը Մոսկվայի շրջանի մոտ։