Կենտուկի նահանգում ձախողվել է հակահայկական բանաձևի ընդունումը
ԱՄՆ Կենտուկի նահանգում ձախողվել է հակահայկական բանաձևի ընդունումը, որում Արցախի մասին խեղաթյուրված փաստեր են ներկայացվում: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբի գրասենյակից՝ մանրամասնելով.
«Կենտուկիում մեր փորձը դարձյալ ցույց տվեց, որ ժողովրդավարական գործընթացն աշխատում է և նահանգի օրենսդիրները չեն հանդուրժում Իլհամ Ալիևի նման դիկտատորի շահերին ծառայող ապատեղեկատվության տարածումը։ Նա ճնշում է սեփական ժողովրդին, շարունակում ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ՝ վտանգելով տարածաշրջանի փխրուն խաղաղությունը»,-ասել է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ իրենք շարունակելու են ակտիվորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ժողովրդի իրավունքների պաշտպանության և միջազգային հանրության կողմից ճանաչման համար։
Ադրբեջանամետ այդ բանաձևը Կենտուկիի խորհրդարանին ներկայացվել էր մարտի 1-ին՝ սենատոր Դամոն Տայրեի կողմից։
Դրա մասին տեղեկանալուց հետո՝ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը համախմբել է ուժերն ու դեմ արտահայտվել դրան՝ Սենատի ղեկավարին ու խորհրդարանական մեծամասնության ղեկավարին կոչ անելով հետ վերցնել նախագիծը։
Հայ Դատի հանձնախմբի ջանքերով՝ նամակներ են ուղարկվել սենատորներին։ Նրանց ներկայացվել է իրականությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերի, Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումների, Բաքվի կողմից տարածաշրջանն ապակայունացնող դերի վերաբերյալ»: