Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար կնշանակի 27-ամյա Քերոլայն Լևիտին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում առաջադրել է 27-ամյա Քերոլայն Լևիտի թեկնածությունը։ Մինչ այդ նա աշխատել է որպես Հանրապետականի նախընտրական արշավի մամուլի քարտուղար, իսկ նախկին վարչակազմի օրոք՝ որպես մամուլի քարտուղարի օգնական, հայտնում է AFP-ն։
Թրամփը Լևիտին անվանել է խելացի և կոշտ.
«Ես վստահ եմ, որ նա գերազանց կլինի ամբիոնի մոտ և կօգնի մեր ուղերձը հասցնել ամերիկացի ժողովրդին», - ասվում է նորընտիր նախագահի հայտարարության մեջ:
Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարին: Հանրապետականն արդեն առաջադրել է Մարկո Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում, իսկ Մայք Ուոլթսին՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում։
Փիթ Հեգսեթը կարող է դառնալ պաշտպանության նախարար, Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ առողջապահության նախարար, Մեթ Գեյցը՝ արդարադատության նախարար, Թուլսի Գաբարդը՝ Ազգային հետախուզության ղեկավար։