«Գինի լից» երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է. Փաշինյան
«Գինի լից» երգի կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի, այսինքն` այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է։ Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Կանխատեսելի կերպով կրկին հարց բարձրացավ, թե մեզանում ով է հերոսը»,- ասաց Փաշինյանը։
Վերը նշվածի շրջանակում, Փաշինյանի համար խիստ կանխատեսելիորեն, ընդդիմության ներկայացուցիչները հերոսությունը կապեցին սահմանը պահող կամավորի կամ կամավորության հետ:
«Եթե խոսքը «Կեցցե՛ մեր հայ կամավորը, գինի լից» երգի կամավորի մասին է, այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում, և այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի: Այսինքն` այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է: Այսօրվա կամավորը, «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ շոշափելի վարձատրություն է ստանում՝ ՀՀ պետական բյուջեից հենց կամավորության համար»,- նշեց Փաշինյանը։