Ավանեսյանն ուշադիր կարդացել է՝ այս տարի առողջության ապահովագրություն չի լինի, բայց հույս ունի, որ 2026-ին խոստումը կկատարեն
Չնայած, մի կողմից առողջապահության նախարարը վստահեցնում է, որ ամեն տարի բացարձակ թվով ավելացվում են առողջապահական ծախսերը, սակայն մյուս կողմից էլ խոստովանում է՝ 2025 թվականի պետական բյուջեով առողջապահությանն ուղղվող ծախսերը իրենց երազանքների արտահայտումը չեն։
«Այն հեռու է մեզ հետ համադրելի երկրների ՀՆԱ-ի 4 տոկոսի ցուցանիշից»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ:
Անդրադառնալով Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը` նա վստահեցրեց, թե ապահովագրությունը ներդնելու են: Ճիշտ է՝ 2025 թվականին դա տեղի չի ունենա, բայց նախարարը հույս հայտնեց, որ գոնե 2026-ին այն կլինի։
Համենայնդեպս Ավանեսյանը ծանոթացել է կառավարության ծրագրին ու ուշադիր կարդացել, որ այնտեղ սևով սպիտակին գրված է՝ ներդրման ժամկետը 2026 թվականն է։
«Մենք մեր ժամկետների մեջ տեղավորվելու ենք։ Բոլոր խոստումներն իրականացնելու ենք»,- ասաց Ավանեսյանը: