44-օրյա պատերազմի պատճառները քննող հանձնաժողովի զեկույցի հիման վրա հնարավոր է լինեն քրեական գործեր. Քոչարյան
Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր չի կարող ունենալ, որովհետև հանձնաժողովը ստեղծված է Ազգային ժողովի կողմից։ Քոչարյանն ինքն այդպես ասաց՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր իսկ խոսքով՝ 44-օրյա պատերազմի պատճառները քննող հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ վերջին օրերի շահարկումներին, թե Անդրանիկ Քոչարյանը ինչ-որ գաղտնի թղթեր ունի։
Ըստ նրա զեկույցը՝ իր հատորներով, էջերով, որպես այդպիսին, ավարտված է և բավականին ծավալուն է:
Հարցին՝ այն ամբողջությամբ կներկայացվի՞ հանրությանը՝ պատգամավորը պատասխանեց. «Դեռ հստակ չի, թե զեկույցի որ մասը կլինի գաղտնի, որ մասը կհրապարակվի, բայց Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն հրապարակվելու է ամբողջ ծավալով»։
Քոչարյանի խոսքով՝ զեկույցից հետո հնարավոր է լինեն քրեական գործեր: Ըստ նրա՝ արդեն կան հարուցված քրեական վարույթներ, որոնք թիվը կհնչեցնի լիագումար նիստերի դահլիճում։