«Գազպրոմ»-ն ու Վրաստանը դեպի Հայաստան գազի տարանցման հարցում պայմանավորվել են
Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Վրաստանի և «Գազպրոմ»-ի միջև գործող համաձայնագիրն, ըստ որի՝ Թբիլիսին ստանում է Հայաստանին տրամադրվող գազի 10%-ը` որպես վարձավճար տարանցման համար, ուժի մեջ կմնա մինչև տարեվերջ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ըստ Կալաձեի` Մոսկվան հավանություն է տվել մինչև 2016-ի ավարտը տարանցման պայմաններն ուժի մեջ թողնելու վերաբերյալ Թբիլիսիի առաջարկին:
Ավելի վաղ Կալաձեն հայտարարել էր, թե «Գազպրոմ»-ն սպառնում է դադարեցնել գազի տարանցումը Վրաստանի տարածքով, եթե վերջինը չհամաձայնվի առաջարկվող պայմաններին, այն է` դեպի Հայաստան գազի առաքման դիմաց հաշվարկներում հումքային ձևից անցնել արժութային հաշվարկի: «Գազպրոմը» զգուշացրել էր, որ հակառակ դեպքում ՀՀ գազի մատակարարումն ամբողջությամբ կիրականացվի Իրանի տարածքով:
Գազի հարցը Վրաստանում իշխանությունների և ընդդիմության միջև տարաձայնությունների պատճառ է դարձել այն բանից հետո, երբ Վրաստանը հայտարարել էր, որ մտադիր է ավելացնել գազի գնումները Ռուսաստանից, քանի որ Ադրբեջանից ստացվող գազի ծավալները բավարար չեն: Այդ հայտարարությունից հետո ընդդիմությունը մեղադրել էր իշխանություններին երկիրը Մոսկվայից կախման մեջ դնելու համար, իշխանությունները հարցը զուտ տեխնիկական են որակել:
Վրաստանում գազի տարեկան սպառումը մոտ 2,4 մլրդ խորանարդ մետր է: Վրաստանը Ադրբեջանի «Շախդենիզ» հանքավայրից ստանում է տարեկան 750-800 մլն խմ գազ, 1,4 մլն խմ` SOCAR-ից և ևս 200 մլն խմ` Ռուսաստանից: Այդպիսով, Վրաստանն սպառվող գազի 88 %-ն ստանում է Ադրբեջանից, իսկ 12 %-ը` Ռուսաստանից: Ռուսական գազը Վրաստանն ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար: