Սերգեյ Լավրովը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիային
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Թուրքիային Ուկրաինային զենք մատակարարելու համար։
«Ցավոք, Անկարան շարունակում է համագործակցել Կիևի ռեժիմի հետ ռազմատեխնիկական ոլորտում։ Թուրքական զենքն ուկրաինական զինված ուժերն օգտագործում են ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Հաշվի առնելով միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները՝ դա չի կարող տարակուսանք չառաջացնել»,- ասել է Լավրովը Hürriyet թերթին տված հարցազրույցում։
Նախարարն ասել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերը։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել 2022 թվականի գարնանը Ստամբուլում, բացի այդ, թուրքական կողմը նպաստել է Ուկրաինայից հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի կնքմանը։