Իսրայելն ու ԱՄՆ-ն առաջարկում են «Հեզբոլլահին» հանձնվել
Իսրայելի պետական «Կան» հեռուստաընկերությունը հրապարակել է Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագրի նախագիծը, ըստ որի՝ հարավային Լիբանանը վերահսկելու են բացառապես Լիբանանի զինված ուժերը և ՄԱԿ-ի խաղաղապահները՝ համաձայն Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի, իսկ Իսրայելն ամբողջությամբ դուրս կբերի իր զորքերը Լիբանանից յոթ օրվա ընթացքում։
Համաձայնագրի նախագծի համաձայն՝ դրա ստորագրման պահից պետք է ապահովվի Իսրայելի պաշտպանության բանակի և «Հեզբոլլահ» շարժման միջև կրակի ամբողջական դադարեցում։
Զինադադարը կսկսվի 60-օրյա ժամկետով, որի ընթացքում լիբանանյան բանակը և ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Լիբանանում պետք է ապահովեն Լիտանի գետից հարավ գտնվող Հեզբոլլահի ենթակառուցվածքի ամբողջական զինաթափումը, երաշխավորեն զինված խմբավորումների բացակայությունը այս տարածքում։
Իսրայելն իր հերթին պետք է յոթ օրվա ընթացքում դուրս բերի Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հարավային Լիբանանից: Հեռացումը կիրականացվի ԱՄՆ-ի և մեկ այլ երկրի հսկողության ներքո, ասվում է փաստաթղթում։
Համաձայնագրի նախագծում նախատեսում է, որ հրադադարից հետո լիբանանյան բանակն իր ուժերը կտեղակայի ցամաքային, օդային և ծովային բոլոր սահմանային անցակետերում։ Նշվում է, որ Լիբանանի կառավարությունը լիովին կվերահսկի երկիր զենքի ցանկացած ներմուծում կամ երկրի ներսում դրանց արտադրությունը։