Կբարձրացվի ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց ««Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին` Սանկտ Պետերբուրգում:
Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ` զգալիորեն ընդլայնելով ժամանակավոր համաձայնագրով սահմանված` սակագնային արտոնություններ նախատեսող ապրանքային անվանացանկը, ինչպես նաև որակապես բարելավելով նախկինում արձանագրված սակագնային զիջումները:
Համաձայնագրի նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ստեղծել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման պայմաններ` նպաստելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը:
Համաձայնագրի կիրարկման արդյունքում նախատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում` ավելացնելով արտահանման ծավալները և ակտիվացնելով կոոպերացիոն և ներդրումային համագործակցությունը: