Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքը պետք է լինի Ռուսաստանի օգտին. Պուտին
Ուկրաինայում հակամարտության կարգավորման ցանկացած արդյունք պետք է լինի Ռուսաստանի Դաշնության օգտին և հիմնված լինի մարտի դաշտում տիրող իրավիճակի վրա։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Պատերազմի կարգավորման արդյունքը պետք է լինի Ռուսաստանի օգտին, ես անկեղծորեն ասում եմ դա՝ առանց ամաչելու», - ասել է պետության ղեկավարը։
Նա նշել է, որ Մոսկվան չի պատրաստվում զիջումների գնալ Կիեւի հետ բանակցությունների ժամանակ։ Այդուհանդերձ, Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են ողջամիտ փոխզիջումներ փնտրել ռազմական գործողությունները դադարեցնելու համար, պարզաբանել է նախագահը։
«Բայց հիմա ես չեմ ուզում մանրամասնել, քանի որ առարկայական բանակցություններ չկան», - հավելել է Պուտինը՝ մեղադրելով Ուկրաինայի ղեկավարությանը երկխոսության բացակայության մեջ։
Պետության ղեկավարը նաև վաղաժամ է համարել ենթադրությունների փորձը, թե ինչ պայմանավորվածությունների կարող են հասնել Մոսկվան և Կիևը։ Նրա կարծիքով՝ դեռ չի եկել այս թեմայի մասին անգամ հիշատակելու ժամանակը։